Ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություն են ընդունել և, ի թիվս այլ հարցերի, նշել են, որ համաձայնեցրել են Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու միջոցառումների փաթեթը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հստակեցրել էր, որ խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ համագործակցության մասին է: Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը պարզաբանել է, որ չի արվի ոչինչ, որ այդ երկրները չեն ցանկանում, ընդամենը առաջարկ է ներկայացվել: Ապաթուրայը հավելել է, որ ՆԱՏՕ-ն երեք երկրների հետ էլ գործընկերության պայմանագրեր ունի, որոնց ժամկետները ավարտվում են և կարիք կա նորացնել: «Ի՞նչ ենք մենք առաջարկելու այս երեք երկրներից յուրաքանչյուրին. առաջինը` ավելացնել բարձր մակարդակի քաղաքական շփումները, քաղաքական խորհրդակցությունները, երկրորդը` ավելացնել աջակցությունը նրանց պաշտպանական համակարգի բարեփոխումներին», - ասել է Ջեյմս Ապաթուրայը:
Անդրադառնալով Հայաստանին՝ նա նկատել է․ - «Չնայած Հայաստանը ավելի եվրոպամետ ուղու փոխարեն ընտրել է Մաքսային միությունը, սակայն չի թուլացրել իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Մենք ցանկանում ենք նրանց օգնել պաշտպանական ոլորտում բարեփոխումների հարցում, և նրանք էլ նույնն են ցանկանում»:
ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանը հետաքրքրված է էներգետիկայի ոլորտով, և ՆԱՏՕ-ն պատրաստ է դիտարկել էներգետիկ անվտանգության հարցերով Բաքվի հետ համագործակցությունը:
Ափաթուրայը ընդգծել է, բոլոր որոշումները ընդունվել են այդ երկրների արտահայտած ցանկությունների և հետաքրքրությունների հիման վրա: Այժմ ՆԱՏՕ-ն վերանայում է համագործակցության ծրագրերը Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ, և առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում ամեն ինչ ավելի հստակ կլինի: Մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի և Հայաստանի միջև փոխգործակցության զարգացման գոյություն ունեցող ծրագրերի վերաբերյալ հրապարակումները` ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասել է. «Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի գործող ձևաչափեր և մտադիր ենք շարունակել համագործակցությունը այդ ձևաչափերում»: